Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքը հակասահմանադրական է, մենք կվերադարձնենք այդ գումարները»

«Եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքը հակասահմանադրական է,  մենք կվերադարձնենք այդ գումարները»
14.03.2014 | 00:19

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր)

-Ձեր աշխատողներից պահումներ արդեն կատարե՞լ եք:
-Կատարել ենք ու արդեն փոխանցել ենք:
-Դժգոհողներ չկա՞ն:
-Ճիշտն ասած՝ ոչ, համենայն դեպս, այդ հարցով ինձ որևէ մեկը չի դիմել:
-Այսպես միաձայն, բոլորը որոշել են, որ պետք է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՞ն անցնեն:
-Երևի` այո, եթե բողոք լիներ, կիմանայի: Չգիտեմ, գուցե փողոց են դուրս գալիս, միտինգներին մասնակցում: Այդ կարգի տեղեկություն էլ չունեմ: Համենայն դեպս, մեզ մոտ շատ հանգիստ է:
-Դուք չե՞ք արգելում նրանց փողոց դուրս գալ:
-Մենք երբեք ոչ մեկի իրավունքները չենք սահմանափակել, 88-ից սկսած ոչ մի անգամ նման բան չի եղել: Ամեն մեկը թող իր մտածելակերպով առաջ շարժվի:
-Որոշ գործարարներ որոշեցին այդ բեռն իրենց վրա վերցնել, Դուք այդ ճանապարհով չե՞ք ցանկանում գնալ:
-Ժամանակը ցույց կտա: Դեռ պիտի սպասել ՍԴ-ի մարտի 28-ի որոշմանը, այնուհետև կողմնորոշվել:
-Գուցե ճիշտ կլիներ մինչ այդ պահումներ չանե՞լ:
-Եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքը հակասահմանադրական է, մենք կվերադարձնենք այդ գումարները: Ոչ մի խնդիր այստեղ չեմ տեսնում:
-Ընդհանուր առմամբ, օրենքը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է:
-Ես կխոսեմ որպես հայ մարդ, որը մտահոգ է իր երկրի խնդիրներով: Երբ առաջին անգամ խորհրդային տարիներին գնացի արտասահման, խորությամբ ուսումնասիրեցի մարդկանց ապրելակերպը: Սկզբում զարմացա, որ բոլոր տուրիստները 70-ն անց տատիկներ ու պապիկներ էին: Հետաքրքրվեցի ու հասկացա, որ իրենք մինչև թոշակի գնալը քրտնաջան աշխատում են, հետո բավարար թոշակ են ստանում և կարողանում են արժանապատիվ ծերություն վայելել: Կարծում եմ, այս օրենքը հենց այդ նպատակով է արվում: Իհարկե, չգիտեմ՝ ինչ արդյունք կստանանք:
-Դրա շուրջ ստեղծված անվստահության մթնոլորտը հիմքեր չունի՞:
-Այսօր իսկապես մեր երկրում անվստահության մթնոլորտն առկա է: Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, այլ խոսքով, բոլորս անխտիր, պետք է մտածենք ոչ թե անվստահությունը խորացնելու, այլ գոնե մասամբ վերացնելու մասին: Եթե անվստահությունը չվերացավ, երբեք մեր երկրի վիճակը չի լավանա, անկախ նրանից, թե ով է վարչապետը, ով է նախագահը կամ պատգամավորը: Այս խնդիրը միայն իշխանությունը չի կարող լուծել: Սա վերաբերում է նաև լրատվամիջոցներին, որոնք եթե հինգ լավ, հինգ վատ բան են տեսնում, երբեք հինգ լավ բանի մասին չեն գրում, վերցնում են վատերից ամենավատը և շրջանառության մեջ դնում: Սա ազդում է անվստահության մթնոլորտը խորացնելու վրա: Ես սա ասում եմ ոչ որպես քաղաքական գործիչ, այլ որպես սովորական հայ մարդ, ում սիրտը ցավում է իր երկրի համար, և շատ է ուզում զարգացած, հզոր պետություն ունենալ: Մենք շրջապատված ենք թշնամի պետություններով, եթե հզոր չլինենք, մեզ հոշոտելու են: Իսկ այս ճանապարհով, որ գնում ենք, երբ ամեն ինչից խնդիր ենք «սարքում», լուն ուղտ ենք դարձնում, դա մեզ թուլացնում է: Դատապարտում եմ այսպիսի մոտեցումը, անկախ նրանից, թե ովքեր են դրա կրողները: Այս երկրի համար շատ բան եմ արել, իմ երեխաները, թոռները պետք է այստեղ ապրեն: Մեզ անհրաժեշտ է շրջադարձային փոփոխություն, որովհետև այսպես շարունակել չի կարելի:
-«Շրջադարձային» ասելով` ի՞նչ նկատի ունեք, իշխանության փոփոխությո՞ւն:
-Ամեն ինչ, յուրաքանչյուր մարդ ինքն իրենից պետք է սկսի: Ես հակված չեմ ասելու՝ այս պաշտոնյան լավն է կամ վատն է: Ընդհանուր մթնոլորտը պետք է փոխվի: Ցանկացած վատ ղեկավար, եթե մթնոլորտը լավն է, բնականաբար, ինքն էլ է փոխվում: Չկա այսօր իդեալական, ազնվագույն մարդ, որ տանես, դնես նախարարի կամ մյուս պաշտոնյաների փոխարեն, ասես` վերջ, մենք պրծանք: Ոչ, այդպես չէ: Խնդիրները անձերով պայմանավորված չեն: Ընդամենը մթնոլորտ պիտի փոխվի, ուրիշ բան պետք չէ: Մենք բռնել ենք կործանման ճանապարհը, թող ոչ մեկը չասի` մեղավորը նախագահն է, վարչապետը կամ այսինչ նախարարը: Իրենք էլ են, չէ՞, այս երկրի քաղաքացի, երեքն էլ հայ, այսինքն, մենք մեր տեղում ի՞նչ ենք անում, որ նրանցից պահանջում ենք:
-Պատասխանատվության չափ կա:
-Ձեր պատասխանատվությունն ընտրության ժամանակ հավասար է բոլորի պատասխանատվությանը: Չե՞ք ուզում այս իշխանությանը, գնացեք ճիշտ ընտրություն արեք, ոչ թե հինգ հազար դրամ վերցրեք ու ընտրեք: Փողը վերցնում են, հետո էլ ասում են` մեղավոր են: Եթե մեղավոր են, ինչո՞ւ ես փողը վերցնում:

Հարցազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ